Գողություն ոսկերչական տաղավարից. Վաղարշապատի ոստիկաների բացահայտումը

2024-07-09 13:26:07 170 դիտում

Հունիսի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվեց հաղորդում գողության վերաբերյալ: Մուտք էին գործել Էջմիածնի Նար-Դոսի փողոցում գործող առևտրի կենտրոնի ոսկերչական տաղավար ու գողացել ոսկյա և արծաթյա զարդեր:Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Քրեական հետախույզներն անցան գործի, այդ ընթացքում համագործակցեցին բաժնի համայնքային ոստիկանների հետ և ստացան հավաստի օպերատիվ տվյալներ, որ գողությունը կատարել են Արմավիրի մարզի Խոյ գյուղի բնակիչ 24 և 28 տարեկան երիտասարդներ: Պարզվեց նաև, որ գողության ընթացքում նրանք շահագործել են մեկ այլ անձի անվամբ հավառված «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Ավելին, նախնական համաձայնությունից հետո երկուսով կատարել էին նախապատրաստական աշխատանք. Վաղարշապատի Թումանյան փողոցում գտնվող շինանյութի խանութից գնել էին կպչուն ժապավեն, պարան ու այլ պարագաներ, որոնք օգտագործել էին գողության ժամանակ:Հուլիսի 1-ին, երբ արդեն տվյալները ստուգվել ու հաստատվել էին, իրավապահներն անցան կոնկրետ գործողության: Ժամը 17.30-ին Կոմիտասի հրապարակում ձերբակալվեց և, իր վարած «ԲՄՎ-ով» հանդերձ, բաժին տեղափոխվեց 24-ամյա երիտասարդը, իսկ ժամը 18.10-ին նրա 28-ամյա հանցակիցը հայտնաբերվեց Ծաղկունք գյուղում: Բացատրական աշխատանքի արդյունքում երկուսն էլ խոստովանեցին արարքը:Ձեռնարկվում են միջոցներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:«ԲՄՎ» մակնիշի մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: