Վաղարշապատի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

2023-10-13 13:05:29 157 դիտում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի և համայնքային ոստիկանության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ակնաշեն գյուղի բնակիչ 31-ամյա մի տղամարդ տանը, կից կառույցներում, անասնագոմում և տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում:Հոկտեմբերի 12-ին, իրացնելով տեղեկությունները, ոստիկանները մեկնել են նշված հասցե: Նրանք ակնհայտ տեսանելի վայրում նկատել են արմատախիլ արված կանեփի բույսեր: Տղամարդը հայտնել է, որ դրանք ինքն է աճեցրել և պատրաստ է ներկայացնել իրավապահներին:Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննություն կատարվեց ակնաշենցու տանն ու օժանդակ կառույցներում: Տղամարդը իրավապահներին ներկայացրեց 10 լիտրանոց 1 պլաստիկ տարա, 3 լիտրանոց 5 ապակե տարա և պոլիէթիլենային 4 տոպրակ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածով: Հայտնաբերվածի ընդհանուր քաշը 12 կգ 500 գրամ է: Տղամարդը կանեփանման բույսով ևս երկու առանձին փաթեթ է ներկայացրել իրավապահներին՝ 4 կգ 100 գրամ ընդհանուր քաշով:Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: