Մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի, իսկ պայուսակում ատրճանակ կար

2023-11-09 08:11:11 163 դիտում

Նոյեմբերի 8-ին, ժամը 03.00-ին, ՆԳՆ Արմավիրի մարզի ՊԾ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Վարորդը մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի: Արտաքին զննությամբ նրա պայուսակում նկատվել է ատրճանակի նմանվող իր: Կատարված ստուգումներով պարզվել է վարորդի ինքնությունը: Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի 34-ամյա բնակիչը, զենք պահելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են օդաճնշիչ ատրճանակ՝ լիցքավորման բալոններով, և ոսկեգույն մետաղյա շարիկներով երկու տուփ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: