Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և բաժնի քրեական հետախույզներն ու մարզի պարեկները նոյեմբերի 21-ին ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպք են բացահայտել:Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նրանք ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Փարաքար գյուղի Երևանյան փողոցում ձերբակալել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Նոր Արեշի 32-ամյա մի բնակչի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով թղթե փաթեթ: Տղամարդը հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է: Հաջորդ տեղեկությունն իրացնելով՝ իրավապահները Փարաքարի Երևանյան փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են երևանցի 37-ամյա մի տղամարդու և տեղափոխել բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով մոտ 8 գրամ ընդհանուր քաշով 5 փաթեթ, կիսամոխրացած զանգվածով 3 կաթուցիչ՝ ընդհանուր 8,84 գրամ քաշով: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է:Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն ու մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին դարձյալ Փարաքար գյուղի Երևանյան փողոցում: Նրանք ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Երևանի բնակիչներ 38-ամյա և 34-ամյա երկու տղամարդու: 38-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվեցին թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ և կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ: Նա իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է: 34-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեց ծալովի դանակ:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 21-ին Փարաքարի Երևանյան փողոցում ձերբակալվածներին նույն օրը Մուսալեռ գյուղի տարածքում թմրանյութն իրացրել էր մայրաքաղաքի 60-ամյա մի բնակիչ: Նոյեմբերի 22-ին Մուսալեռ գյուղի Սայաթ-Նովայի փողոցում նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Տղամարդը հայտնել է, որ նախորդ օրը գյուղի տարածքում տեղադրելու միջոցով թմրանյութ է իրացրել երեք անձանց: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 22-ին զննություն է կատարվել 60-ամյա երևանցու բնակության հասցեում: Բակի աղբամանում հայտնաբերվել է կանեփի՝ մեկ, իսկ նկուղում՝ պլաստիկ տարաների մեջ աճեցրած 45 բույս: Դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: