Դեկտեմբերի 18-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքում բնակվող 49-ամյա մի տղամարդ Մերձավան բնակավայրի վարչական տարածքում տևական ժամանակ զբաղվում է բազալտի ապօրինի արդյունահանմամբ, վերամշակմամբ և վաճառքով։ Ստուգողական գործողությունների ընթացքում քրեական հետախույզներն այցելել են նշված վայր, որտեղ նկատել են բազալտի արդյունահանման աշխատանքներ իրականացնող բեռնատար մեքենաներ, բազալտի մշակման հատուկ տեխնիկա, ինչպես նաև խճաքարի կույտեր։ Առանց համապատասխան փաստաթղթերի բազալտ արդյունահանելու, վերամշակելու և վաճառքի վերաբերյալ տվյալները հաստատվել են։Դեկտեմբերի 19-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ նույն բնակավայրի վարչական տարածքի սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն իրականացնում է բազալտի ապօրինի վերամշակում և վաճառք։ Քրեական հետախույզները, օպերատիվ տվյալները Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ իրացնելով, ստուգայցի ընթացքում նկատել են, որ տվյալ պահին իրականացվում են բազալտի վերամշակման և մանրացման աշխատանքներ. տարածքում բազալտով բարձված բեռնատար մեքենաներ, ամբարձիչ, բազալտի ջարդիչ-կայան, նաև մանրացված խճաքարի կույտեր են հայտնաբերվել։ Բազալտի ապօրինի վերամշակման և վաճառքի վերաբերյալ տվյալները հաստատվել են։Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: