Վաղարշապատի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

2024-01-19 06:26:05 137 դիտում

Հունվարի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Հայթաղ գյուղի մի բնակիչ տանը, հողամասում և կից օժանդակ շինությունում աճեցնում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Նույն օրն իրականացված ստուգողական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 59-ամյա տանտերը իրավապահներին է ներկայացրել 36 գրամից ավելի մարիխուանայով փաթեթ։ Հունվարի 16-ին Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ մեկ այլ տեղեկություն էր ստացվել։ Այս տեղեկության՝ Առատաշեն գյուղի բնակիչը տանը, հողամասում և կից օժանդակ շինությունում դարձյալ աճեցնում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Քրեական հետախույզների ստուգողական միջոցառումների արդյունքում տվյալները հաստատվեցին։ 55-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել 97 գրամից ավելի մարիխուանայով փաթեթ։Նույն օրը ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել նաև Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները։ Նրանք տեղեկություններ էին ստացել, որ Ակնաշեն գյուղի մի բնակիչ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է չորացված զանգված։ Ստուգողական միջոցառումների արդյունքում տվյալները հաստատվել են։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 51-ամյա տղամարդու հողամասում զննություն է կատարվել, ինչի ժամանակ նա իրավապահներին է ներկայացրել 38 գրամից ավելի մարիխուանայով զանգված։ Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: