Վաղարշապատի ոստիկանները մեթամֆետամին, մարիխուանա և հուշանվեր թղթադրամներ են հայտնաբերել

2024-02-02 05:56:55 155 դիտում

Հունվարի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ուժեղացված ծառայության ընթացքում ստացված տվյալներն օպերատիվորեն իրացնելով՝ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես նաև կեղծ թղթադրամներ իրացնելու կասկածանքով Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 32 և 37 տարեկան 2 տղամարդու։ Խուզարկությամբ 37-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինով փաթեթ, իսկ պայուսակում՝ սպիտակ փոշենման հետքերով պլաստմասե 3 խողովակ, ապակե սրվակով ռետինե խողովակ և տարբեր անվանական արժեքներով 12 հուշանվեր թղթադրամ։Էջմիածինցի տղամարդը հայտնել է, որ մեթամֆետամինը ձեռք է բերել «Տելեգրամի» միջոցով։32-ամյա վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են 2000 և 5000 անվանական արժեքով 3 հուշանվեր թղթադրամ։Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հունվարի 30-ին Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գայ գյուղի մի բնակիչ տանը, հողամասում և կից օժանդակ շինություններում ապօրինի մշակում, աճեցնում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Ոստիկանների ստուգողական այցելության ընթացքում 32-ամյա տղամարդը հայտնել է, որ մարիխուանա ունի և պատրաստ է ներկայացնել այն ։Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նա իրավապահներին է ներկայացրել շուրջ 79 գրամ մարիխուանայով փաթեթ։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։   ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: