Հունվարի 30-ին Արմավիրի մարզի գումարտակի պարեկները Մուսալեռ գյուղում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են 29-ամյա երիտասարդի վարած «Մերսեդեսը»։ Ստուգման ընթացքում վարորդը, 27 և 29 տարեկան 2 ուղևորները դրսևորել են կասկածելի վարքագիծ։ Պարեկները երիտասարդներին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Խուզարկությամբ 27-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթ և կաթուցիչ։ Հաջորդ դեպքը գրանցվել է հունվարի 31-ին: Էջմիածին քաղաքում ծառայություն իրականացնելիս Արմավիրի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա, որի 29-ամյա վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ։ Պարեկները մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի մասում կաթուցիչներ են նկատել։ Երիտասարդն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա։ Նույն օրը պարեկները Արշալույս գյուղում ծառայություն իրականացնելիս ստուգել են 19-ամյա երիտասարդի «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան, որի ընթացքում վարորդը և 21, 23, 25 տարեկան 3 ուղևորները դրսևորել են կասկածելի վարքագիծ, իսկ 21-ամյա ուղևորն իր մոտից նաև կաթուցիչ ու փաթեթ է նետել: Երիտասարդները ձերբակալվել և ներկայացվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: