Կողոպուտ մանկական խաղահրապարակում. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

2024-06-04 06:08:24 113 դիտում

Մայիսի 25-ին ոստիկանության Վաղարապատի բաժին դիմեց մի կին: Նա տվեց հաղորդում, որ նույն օրը, կեսօրին մոտ, երբ երեխայի հետ Վաղարշապատի Տերյան փողոցի հարակից մանկական խաղահրապարակում էր, բացահայտ հափշտակել են իր բջջային հեռախոսն ու փախել:Կինը շատ բան չէր կարող ասել կողոպտողի մասին, միայն նշեց, որ մոտ 30 տարեկան տղամարդ էր: Հանցագործի և հանցագործության վերաբերյալ տվյալները Վաղարշապատի քրեական հետախույզները լրացրին իրենց հայտնի հնարքներով, ձեռնարկեցին տարբեր միջոցներ, նաև` օպերատիվ-հետախուզական, ու վերջապես ստացան հավաստի տեղեկություն:Ըստ օպերատիվ տվյալի` կնոջ հեռախոսը հափշտակել էր Վաղարշապատի Շիրվանզադեի փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ: Դեպքի վայրից նա հեռացել էր դաշտամիջյան ճանապարհով, հասել բանուկ հատված, որտեղ նախնական պայմանավորվածության համաձայն՝ նրան սպասում էր 32-ամյա ընկերը` իր «Օպելով»:Մայիսի 30-ին հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և Վաղարշապատի բաժին տեղափոխվեցին 30-ամյա երիտասարդն ու մեծամորցի 32-ամյա ընկերը: Բաժնում նրանք խոստովանել են արարքը:Տղամարդիկ ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: