Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան

2023-02-05 16:06:02 113 դիտում
0

Էջմիածնի՝ Կոմիտասի անունը կրող հրապարակի արևմտյան մասում՝ կարմիր տուֆակերտ ցանկապատի ետևում, երևում է մի տուն, որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Հովհաննես Հովհաննիսյանը: Ի հավերժացումն բանաստեղծի հիշատակի՝ 1948 թ. փետրվարի 9-ին բանաստեղծի դստեր և թանգարանի առաջին տնօրեն Եվա Հովհաննիսյանի ջանքերով աշխատավորների դեպուտատների Էջմիածնի քաղաքային սովետի գործադիր կոմիտեն որոշեց այդ տունը վերածել Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի: Բանաստեղծի հայրական տունը պահպանված է նույնությամբ, միայն արտաքուստ երեսպատված է հայկական տուֆաշերտով: Այն 1.5 հարկանի 215 քմ համեստ մի շինություն է՝ բաղկացած չորս մասնասենյակից, միջանցքից և խոհանոցից, ունի ընդարձակ պատշգամբ, նկուղներ, որտեղ պահվել են Արարատյան դաշտի բարիքները: Այցելուն ավանդական դարպասից ներս է մտնում կանաչազարդ բակը: Քարակերտ փոքրիկ աստիճանները նրան տանում են պատշգամբ: Միջանցքի մուտքի աջ պատին, մարմարյա տախտակի վրա նա կարդում է բանաստեղծի հետևյալ տողերը. Միայն այն կապրի, որ միշտ է անմահ, Սուրբ գեղեցկություն և սուրբ գաղափար. Վեհ միտքը ազատ, կենդանի կմնա, Ու սերն անձնազոհ՝ խեղճ եղբոր համար… 1978 թ. թանգարանը մասնակի վերանորոգվել է, իսկ 2011 թ. լիովին հիմնանորոգվեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ: Թանգարանի մուտքը անվճար է: Թանգարանի սրահներում (աշխատասենյակ, ննջարան, սեղանատուն, հյուրասենյակ) ցուցադրվում և պահոցներում պահվում են մոտ 700 հիմնական նյութեր, որոնք ներկայացնում են Հովհ. Հովհաննիսյանի կյանքի ուղին, ուսումնառության, գրական, հասարակական և մանկավարժական գործունեության տարիները, նրա երկերի ստեղծման պատմությունը և այլն: Թանգարանում ցուցադրվում են նաև երկերի հրատարակություններ, լուսանկարներ, անձնական իրեր, բանաստեղծի ինքնագրեր, նրան նվիրված ուսումնասիրություններ, գեղանկարչական աշխատանքներ և այլն: Տանը կից պարտեզում բանաստեղծի կիսանդրին է (հեղ.՝ Ղ. Չուբարյան):

40.1635

44.2928