Մհեր Աբեղյանի թանգարան

2023-02-08 19:58:46 157 դիտում
0

Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարանը հիմնադրվել է 1990 թ. հայրենի քաղաքին նկարչի նվիրաբերած գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունների հիման վրա: ՀԽԱՀ ժողովրդական նկարիչ Մհեր Մանուկի Աբեղյանը ծնվել է 1909 թ. Վաղարշապատ քաղաքում: Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի Գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում, Մոսկվայի Վխուտեինում, Լենինգրադի Պրոլետարական կերպարվեստի ինստիտուտում: Արվեստագետը ծավալել է մանկավարժական բեղուն գործունեություն. դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության նախագահ: Աբեղյանը ստեղծագործել է բոլոր ժանրերում՝ բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի և կենցաղային ժանրում: Նրա նկարչությանը բնորոշ են էպիկական շունչը, վառ լուսային և գունային հագեցվածությունը: Մ. Աբեղյանի ինքնատիպ մտածողությունը ձևավորվել է ազգային գեղանկարչության ավանդույթների հենքի վրա: Նա շատ է աշխատել ածուխով, ծայրով, սանգինայով, զբաղվել է օֆորտով, սակայն նրա նախընտրած գրաֆիկական տեխնիկան լինոփորագրությունն էր: Տպագրական այս տեխնիկայով արված աշխատանքները գրավում են կատարման վարպետությամբ, մոնումենտալությամբ, մակերեսի գեղեցիկ մշակումով ու արտահայտչականությամբ: Մհեր Աբեղյանը մահացել է 1994 թ. Երևանում:

40.1639

44.2930