Էջմիածնի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ»

2023-02-11 14:11:11 899 դիտում
0

Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի հիմնադրման աշխատանքները սկսվել են հայրենական մեծ պատերազմից առաջ: Բուռն կերպով ընթացող շինարարությունը ընդհատվել է պատերազմի պատճառով: Ակումբի շինարարության ավարտը հետպատերազմական է: Շինության նախագծի հեղինակներից և աջակիցներից է ճարտարապետ Սոս Մանուկյանը: Կառուցված լինելով կոլխոզի բյուջեյով՝ Մշակույթի պալատը գործունեությունը սկսել է 1957 թվականի: 1960թ. ակումբը անվանվել է Լենինի անվամբ: Ակումբի տնօրեն է նշանակվել Մերուժան Գևորգյանը: 60-ական թվականներից Մշակույթի պալատում գործել են տարբեր խմբակներ` ապահովելով Էջմիածնում մշակութային ակտիվ կյանքը. ժողովրդական թատրոնը և ժողգործիքների, երգ ու պարի խմբերը հսկայական աշխուժություն են մտցրել քաղաքում: Ժողովրդական թատրոնը գործել է մինչև 1980թ. վերջերը, բեմադրվել են շատ արժեքավոր գործեր՝ «Պեպո», «Քաջ Նազար», «Նախարարի կինը և աղջիկը» (ռեժիսոր՝ Գրիգոր Սիմոնյան): Գործունեության ընթացքում թատրոնը վաստակել է 2 ոսկի մեդալ: Էջմիածին քաղաքի բոլոր կոնֆերանսները անցկացվել են այս պալատում: Դրան զուգահեռ նշվել են մեծանուն գրողների և արվեստագետների հոբելյանական երեկոներ: Մշակույթի պալատում հյուրախաղերով հանդես է եկել Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնի կոլեկտիվը՝ իր մեծանուն դեմքերով: Դերասանական վարպետ խաղով այստեղ հանդես է եկել նաև Հ. Պարոնյանի անվան թատրոնի կոլեկտիվը` Կարպ Խաչվանքյանի հետ միասին: 1968թ. պալատի տնօրենի պաշտոնը ստանձնել է Լենդրուշ Շմավոնյանը: Մշակութային կյանքը շարունակել է ծաղկում ապրել: Համերգային ծրագրերով այստեղ հանդես են եկել Երևանի երգ ու պարի պետական համույթը և շատ երգիչներ` անհատական ծրագրերով: Մշակույթի պալատի լավ ակուստիկան թույլ է տվել այս բեմում նկարահանել «Անուշ» օպերան: 1983թ. ստեղծվել է նաև «Մուշ» ազգագրական երգ ու պարի համույթը Արծրուն Գևորգյանի ղեկավարությամբ, իսկ ժողգործիքների խումբը ղեկավարել է Թորոսյանը: 1990թ-ից թատրոնը չի գործել: Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ այն վերաբացվել է 2006թ.: Սակայն այդ տարիներին նույնպես չի դադարել ակումբի գործունեությունը, գործել են ասեղնագործության, գոբելենի, վարսահարդարման, առաջին բուժօգնության, կարուձևի խմբակներ: 1990-2000թթ. մշակույթի պալատի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Բենիկ Շամիրյանը: Մշակույթի պալատն ունեցել է շատ ղեկավարներ. 2000-2002թթ. պալատի ղեկավարությունը կարճ ժամանակով ստանձնել են Էդուարդ Միրզոյանը, Աղայանը, Գևորգ Չաքմանյանը և Սուսաննա Հարությունյանը: 2002-2005թթ. տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Ռոբերտ Աբրահամյանը: Այնուհետև այդ պաշտոնը մինչև 2006 թ. մարտ ամիսը զբաղեցրել է Գագիկ Վարդանյանը: 2006-2010թթ. տնօրենի պարտականությունն իր վրա վերցրեց Ռոբերտ Վարդանյանը, 2010թ. հունիսին՝ Դերենիկ Սիրեկանյանը: 2015թ. հունիսից մշակույթի պալատի տնօրենն է Ալվինա Համբարձումյանը: Վերը նշված տարիների ընթացքում չի դադարել խմբերի գործունեությունը: Սպասարկող կազմը եղել է միշտ իր դերում, երբեք չի խափանել միջոցառումների ծրագիրը և գործող վիճակում է պահել բոլոր սարքավորումները: Մշակույթի պալատը եղել և մնում է մշակութային մեծ օջախ էջմիածնեցիների համար, իսկ այդ ամենին աջակցել և մինչ օրս աջակցում է քաղաքային իշխանությունը: 2011թ. Մշակույթի պալատը ամբողջովին հիմնանորոգվել է: Այսօր արդեն հիմնանորոգված Կոմիտասի անվան մշակույթի պալատում գործում են երգի և պարի խմբեր, որոնք ճանաչված են հանրապետությունում և նրանից դուրս: Քաղաքային իշխանության աջակցությամբ, ակտիվորեն մասնակցելով հանրապետական և միջազգային միցույթների, խմբերն իրենց ելույթների կատարողական ցանցում ունեն շահած դիպլոմներ, մեդալներ, պարգևատրվել են մի շարք գովասանագրերով: Հիմնանորոգված դահլիճում կազմակերպվում են կինոդիտումներ, մշակութային տարաբնույթ միջոցառումներ, քաղաքային իշխանության նախաձեռնությամբ բեմում հանդես են գալիս մայրաքաղաքում գործող թատրոնները` հետաքրքիր ներկայացումներով:

40.1670

44.3031