Հերիքնազ Վանիկի Որսկանյանը ծնվել է 1970թ. օգոստոսի 26-ին Էջմիածին քաղաքում: 1987թ.-ին գերազանցությամբ ավարտել է Էջմիածնի թիվ 9 միջնակարգ դպրոցը, 1994-ին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1998-ին՝ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան: Հետբուհական կրթության, ապա գիտական գործունեությանը զուգահեռ զբաղվել է մանկավարժությամբ: 1993 թվականից մինչև 2011 թվականը աշխատել է Էջմիածնի թիվ 9 միջնակարգ դպրոցում, 2011 թվականից մինչև օրս աշխատում է Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 1998 թվականից միաժամանակ աշխատում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: 2006 թվականին պաշտպանել է ատենախոսություն՝ «Ներսես Շնորհալու պոեմները» թեմայով: Բանասիրական գիտությունների թեկնածու է: 2015 թվականի մայիսից ստանձնել է Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի՝ գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը: Մենագրության և գիտական հոդվածների հեղինակ է: Պարգևատրվել է ՀՀ Գիտության և կրթության նախարարության և Էջմիածնի քաղաքապետարանի շնորհակալագրերով: Ամուսնացած է, ունի երկու երեխա: 2015թ. արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման: