Ջանիբեկ Մամիկոնի Հարությունյան

2023-01-22 14:06:24 147 դիտում

Ջանիբեկ Մամիկոնի Հարությունյանը ծնվել է 1946թ.-ի հոկտեմբերի 10-ին Սպիտակի շրջանի Խնկոյան գյուղում: 1953թ. ընդունվել և 1961թ. ավարտել է Խնկոյանի 8-ամյա դպրոցը: 1961թ. ընդունվել և 1963թ. ավարտել է նույն շրջանի Հարթագյուղի միջնակարգ դպրոցը: 1964թ. ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը և այն ավարտել է 1969թ.՝ ստանալով միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչի որակավորում: 1969թ. Հայկական ՍՍՀ Լուսավորության մինիստրության գործուղմամբ աշխատանքի է անցել Էջմիածնի շրջանի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ: 1970թ. մայիս ամսից մինչև 1971թ. հուլիս ամիսը ծառայել է սովետական բանակում: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Էջմիածին քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ: 1973թ. մինչև 1980թ. աշխատել է Էջմիածին քաղաքի թիվ 9 միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ: 1980թ. սեպտեմբեր ամսից մինչև 1987թ. աշխատել է Էջմիածնի թիվ 6 գիշերօթիկ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ: 1987թ.-ից մինչև ժողկրթբաժինների լուծարումը աշխատել է Էջմիածին քաղաքի ժողկրթբաժնում որպես մաթեմատիկայի տեսուչ-մեթոդիստ, իսկ վերջին շրջանում՝ մեթոդ կաբինետի վարիչ: Իր աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է՝ 1. Հետազոտող ուսուցչի տարակարգ 2. Ժողովրդական կրթության գերազանցիկության կրծքանշան 3. «Մանկավարժական ստեղծագործական աշխատանքի համար» կրծքանշանի: Ունի հրատարակված մի շարք մեթոդա-մանկավարժական հոդվածներ: 1998թ.-ին հրատարակել է «Մաթեմատիկայի ստուգողական գրավոր աշխատանքների ժողովածուն» (4-10-րդ դասարանների համար): Այժմ աշխատում է ԿԱՀ-ի (Կրթության ազգային ինստիտուտի) Արմավիրի մասնաճյուղում որպես մաթեմատիկայի մասնագետ: Մարզի, ինչպես նաև հանրապետության մարզերում և վերջին շրջանում Ղարաբաղի Հանրապետությունում անցկացրել է մաթեմատիկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: 2015թ. արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչմանը: