Աշոտ Հրանտի Քոչարյանը ծնվել է 1944թ. ապրիլի 16-ին Էջմիածնում, վաստակավոր մանկավարժներ Հրանտ Քոչարյանի և Ամալյա Թովմասյանի ընտանիքում: 1960-ին ոսկե մեդալով ավարտել է Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցը, 1965-ին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը: 1965-67թթ. աշխատել է Երևանի Ս. Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ ճարտարագետ, 1967-ից աշխատել է նորաստեղծ միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտում: 1969-ին ընդունվել է Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի ասպիրանտուրան և ավարտել 1973-ին: 1973-ից մինչ օրս դասախոսում է ՀՊՃՀ կիբեռնետիկայի ֆակուլտետի միկրոէլեկտրոնիկայի ամբիոնում: 1974-78-ին եղել է Երևանի ՀՊՃՀ ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետի դեկանի գիտական գծով տեղակալը: 1974-ին Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտի գիտխորհրդում պաշտպանել է գիտական ատենախոսություն «Միկրոէլեկտրոնային ակտիվ ինտեգրալ ֆիլտրերի նախագծումը» թեմայով: 1974-ից տեխնիկական գիտությունների թեկնածու է, 1979-ից՝ դոցենտ: 1982-ին գործուղվել է Մոսկվայի Մորիս Թորեզի անվան օտար լեզուների ինստիտուտ, որտեղ սովորել և լիովին տիրապետել է ֆրանսերենին: ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարարության գործուղումով 1983-1986-ին դասախոսել է Գվինեայի Հանրապետության մայրաքաղաք Կոնակրիի համալսարանում: Վերադառնալով Գվինեայի Հանրապետությունից՝ շարունակել է դասախոսական աշխատանքը ՀՊՃՀ-ում: 1994-2003-ին համատեղությամբ դասավանդել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանում: 1995-1997-ին՝ դասախոսել Էջմիածնի «Բանկային Ինստիտուտում»: 1998-ին «Վաղարշապատ» համալսարանում: 1999-ին «Վաղարշապատ» համալսարանի գիտխորհրդի որոշմամբ նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 2012-ից դասավանդում է նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցում: Պարգևատրվել է Գվինեայի Հանրապետության պատվոգրերով: 2015թ. արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման: