Միհրան Հարությունյանը ծնվել է 1989 թ. մարտի 25-ին Էջմիածնում։ 4 տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ սկսել է զբաղվել հունահռոմեական ըմբշամարտով ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանի մոտ։ 2006 թ.-ին նա դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության հաղթող։ 2008 և 2009 թ.-ին նա արժանացել է մեդալների աշխարհի պատանեկան առաջնություններում։ 2011 թ. Ռուսաստանի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ և հաղթել է Իսպանիայում և Շվեդիայում կայացած միջազգային մրցաշարերում։ 2012 թ.-ին նա արժանացել է Ռուսաստանի չեմպիոնի կոչման։ Դրանից հետո Միհրանը որոշում է որպես մարզիկ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։ 2013 թ. նա դառնում է Հայաստանի չեմպիոն: 2014 թվականի աշնանը մասնակցել է Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությանը, ապա՝ Բառնաուլի միջազգային մրցաշարին, որտեղ գրավում է առաջին տեղը և մասնակցում Մոսկվայում 22-րդ համառուսական Սերգեյ Տարասկինի պատվին անց կացված հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարին՝ նվաճելով առաջին տեղը: Բաքվում՝ Եվրոպական առաջին խաղում, Միհրան Հարությունյանը գրավում է երկրորդ տեղը: Ռիո դե Ժանեյրոյում կայացած 2016 թ.-ի օլիմպիական խաղերում դարձել է արծաթե մեդալակիր: 2016թ. արժանացել է «Էջմիածին քաղաքի բարեկամ» և «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչումներին: