Արշակ Գևորգի Մանուկյանը Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում ճանաչում գտած ժողովրդական վարպետներից է: Ծնվել է 1956թ. Էջմիածին քաղաքում: 2002-2003թթ. մասնակցել է ոսկերիչների հինգերորդ և վեցերորդ միջազգային ցուցահանդեսներին` արժանանալով «Հոգևոր թեմաներով լավագույն աշխատանքների համար» դիպլոմի: Վարպետի աշխատանքներն առանձնանում են ավանդականի և հոգևորի ինքնատիպ զուգորդումներով, բարձրաճաշակ և գեղագիտորեն արդարացված դրվագումներով: Արծնապատման գուներանգների թափանցիկությունն ու մետաղի փորագրման բացառիկ նրբությունն Արշակ Մանուկյանի ստեղծագործություններին հաղորդում են կիրառական զարդարվեստին բնորոշ թեթևություն և դեկորատիվ ընկալման բացառիկ հմայք: Վարպետի աշխատանքներից շատերը գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Սիրիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Իսպանիայում և այլուր: Ամուսնացած է, ունի երկու դուստր: 2016 թվականին արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման: