Արծրունի Պարթևի Հարությունյան

2023-01-27 12:11:39 71 դիտում

Արծրունի Պարթևի Հարությունյանը ծնվել է 1949 թ. մայիսի 10-ին Էջմիածին քաղաքում՝ ՀՍՍՀ վաստակավոր ուսուցիչ Պարթև Հարությունյանի ընտանիքում: 1956թ. ընդունվել է Փարաքարի միջնակարգ դպրոց: 1958թ. տեղափոխվել է Էջմիածնի № 2 միջնակարգ դպրոց: 1964-1966 թթ․ սովորել է Խ. Աբովյանի անվան № 4 դպրոցում։ 1966 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1972 թվականին գերազանցությամբ: 1964-1966 թվականներին աշխատել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան № 4 միջնակարգ դպրոցում որպես երգչախմբի նվագակցող, 1970 թվականից աշխատել է Գր. Նարեկացու անվան № 2 միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ: 1971-1981 թվականներին վարել է Էջմիածնի Ֆիզիկայի առաջավոր փորձի դպրոցը: 1976 թվականին «Թվային հաջորդականությունների օգտագործմամբ կիրառական բնույթի խնդիրների լուծումը ֆիզիկայի դասին» թեմայով զեկուցումով հանդես է եկել երիտասարդ ուսուցիչների առաջին հանրապետական կոնֆերանսում՝ շահելով մրցանակային տեղ և պարգևատրվել է Լեհաստան մեկնելու ուղեգրով: Զեկուցման նյութի գիտականությունը փայլուն հաջողությամբ արձագանք է ստացել միութենական ամսագրում՝ մեծ ֆիզիկոսների կողմից: 1976-1981 թվականներին հասարակական կարգով մասնակցել է ուսուցիչների կատարելագործման ինստիտուտի մեթոդամանկավարժական աշխատանքներին: 1978 և 1988 թվականներին տարբեր մեթոդական հոդվածներով հանդես է եկել «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» ամսագրում: Պարգևատրվել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ Լուսավորության նախարարությունների պատվոգրերով: 1986 թվականին շնորհվել է ուսուցիչ-մեթոդիստի կոչում, իսկ 1996 թվականին՝ ֆիզիկայի առաջին կարգի հետազոտող ուսուցչի տարակարգում: 1980 թվականից մասնակցում է ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի աշխատանքներին: 2009 թվականին մասնակցել է ԵՊՀ-ին առընթեր Ս. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում Բ. Փախչյանի հիշատակին նվիրված՝ ուսուցիչների գիտամեթոդական սեմինարի մրցույթին և ճանաչվել հաղթող: Դպրոցականների առարկայական օլիմպիադաներում, բուհական ընդունելության քննություններին փայլել և շարունակում են փայլել նրա սաները։ ՀՀ վաստակավոր ուսուցիչ է 2003 թվականից: Ամուսնացած է, ունի 2 զավակ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 26-րդ կետի և համայնքի ավագանու կանոնակարգի 21-րդ հոդվածի պահանջներով, ուսուցչի երկարամյա անբասիր աշխատանքի, մատաղ սերնդի կրթման ու դաստիարակման գործում ունեցած ակնառու վաստակի, ֆիզիկայի բնագավառում գրանցած հաջողությունների և իր սաների մասնագիտացման գործում անմնացորդ նվիրումի ու կատարած մեծ աշխատանքի համար 2019թ. Արծրունի Հովաննիսյանն արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչմանը: