Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարն աշխարհասփյուռ հայ ժողովրդի հոգևոր կենտրոնն է,Սրբություն Սրբոցը:Բացառիկ է նրա առաքելությունը հայ ժողովրդի ազգային-հոգևոր ու մշակութային կյանքում: Ոչ մի այլ ազգային «գանձ» այնքան մեծ դեր ու նշանակություն չի ունեցել ու չունի, որքան Սուրբ Էջմիածինը: Դարերի ընթացքում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը ենթարկվել է այն բոլոր փորձություններին, ինչ իր հարազատ ժողովուրդը: Դիտե՛ք նրա պատերը, որ, ասես, կրում են հայ ժողովրդի պատմության կնճիռներն ու նրա հարատևման կնիքը: Սուրբ Էջմիածին` կա արդյոք մի հայ, որ լսած չլինի այս սրբանվեր ու աստվածահունչ անունը: Այն հայ ժողովրդի սիրտն ու հոգին է, նրա գոյության զարկերակը, և իհարկե իր աշխարհացիր զավակների դարավոր հոգևոր մշակույթի անպատմելի ու ինքնահատուկ արտահայտությունը: Անվերջ խոսվել է Սրբության Սրբոց Էջմիածնի մասին, ու դեռ կխոսվի: Մայր Տաճարը կառուցվել է Հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից` համաձայն իր տեսիլքի, ըստ որի Աստծու Միածին Որդին իջնում է երկնքից և ոսկե մուրճով հարվածում գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը: Մայր Տաճարը կառուցվել է Հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից: Գիշերային մենության մեջ մտորումներով տարված՝ նա մի հիասքանչ տեսիլք տեսավ: Աստծու Միածին Որդին իջավ երկնքից և ոսկե մուրճով հարվածեց գետնին` ցույց տալով այն վայրը, որտեղ պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը. «...Եւ մի ահաւոր տեսիլ մարդոյ բարձր եւ ահեղ, որ զառաջն ունէր եւ զէջսն ի վերուստ մինչեւ ի խոնարհ առաջապահ յառաջեալ, եւ ի ձեռինն իւրում ուռն մի մեծ ոսկի. եւ այն ամենայն զհետ խաղացեալ գայր: Եւ ինքն սլացեալ խոյացեալ գայր` ըստ նմանութեան արագաթեւ արծուոյ. եւ եկն էջ եհաս մինչեւ մօտ ի յատակս երկրիս, ի շինամէջ քաղաքին, եւ բաղխեաց զթանձրութիւն լայնատարած գետնոյն, եւ մեծ եւ անչափ դրնդիւնքն հնչեցին սանդարամետս անդնդոց. եւ ամենայն երկիր յերեւելիս, յական տեսանելեաց բաւելոյ, հարթ հաւասար դաշտաձեւ յատակեցաւ...»: Այս զարմանահրաշ տեսիլքից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն ու Ս. Տրդատ թագավորի ընտանիքը ժողովրդին առաջնորդեցին Միածնի իջման վայրը և կառուցեցին Մայր Տաճարը: Սուրբ Էջմիածինը նաև կոչվում է «լույսով լուսավորված», քանի որ ոչ թե կառուցվեց մահկանացու ճարտարապետների կողմից, այլ հիմնվեց Երկնավոր Ճարտարապետի կողմից, Ով, իր լույսով լուսավորելով, ուրվագծեց նոր եկեղեցին: Ս. Էջմիածնի Մայր Տաճարի կառուցումն ավարտվեց 303 թվականի օգոստոսին: Տաճարի օծումը տեղի ունեցավ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը և անվանվեց Ս. Մարիամ Աստվածածին: Այդ պատճառով Մայր Տաճարի հիշատակության օրը նշվում է Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը: Իր կառուցումից կարճ ժամանակ անց Էջմիածնի Մայր Տաճարը հռչակվեց որպես Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի հավատքի խորհրդանիշ` հաճախ կոչվելով նաև Վաղարշապատի կաթողիկե, Կաթողիկե կամ պարզապես Առաջին Եկեղեցի: Ինչպիսի՞ փոփոխությունների է ենթարկվել Մայր Աթոռ Ս. Էջմիածինը տարիների ընթացքում 360թ. Սուրբ Էջմիածինը կրեց առաջին հարվածը, երբ պարսից Շապուհ II արքան, մեծաթիվ բանակով ներխուժեց Հայաստան և փորձեց Մայր Տաճարը զրադաշտական մեհյանի վերածել: Շապուհ արքայի արշավանքից հետո Ներսես Մեծ Կաթողիկոսը ձեռնամուխ եղավ տաճարի վերակառուցմանը: Մեսրոպ Մաշտոցի կողմից հայ գրերի գյուտից հետո` 5-րդ դարի սկզբին, Վաղարշապատի Կաթողիկոսությանը կից հիմնադրվեց Մեսրոպյան հայկական դպրոց: Վերանորոգչական աշխատանքներ կատարվեցին նաև Սահակ Պարթեւ Կաթողիկոսի (387-428) օրոք: 484 թ. Հայրապետական Աթոռը տեղափոխվեց Դվին, որն այդ ժամանակ երկրի քաղաքական կենտրոնն էր: Չնայած Աթոռի տեղափոխմանը` Ս. Էջմիածինը շարունակում էր մնալ հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը: 5-րդ դարի հայ գրականության ոսկեդարյան շրջանի պատմիչ Ղազար Փարպեցին գրում է, որ մոտավորապես այդ շրջանում Վահան Մամիկոնյանը պարսից արքայության կողմից Հայաստանի մարզպան նշանակվեց: Նա կարևոր բարեփոխումներ կատարեց Էջմիածնի Մայր Տաճարում: Արդյունքում Մայր Տաճարը ստացավ այն տեսքը, որն ունի այժմ : 10-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին գրում է, որ 618 թվականին Կոմիտաս կաթողիկոսը. «Վաղարշապատ քաղաքի տաճարի փայտյա գմբեթը քանդելով` կառուցում է գեղեցիկ ու հիասքանչ քարտաշ մի գմբեթ»: Մայր Տաճարի նորոգությամբ զբաղվում է նաև Ներսես Գ. Տայեցի կաթողիկոսը (641-661), սակայն պատմիչները շատ բան չեն հայտնում նրա կատարած նորոգության մասին և միայն նշում են, որ «մեծապէս նորոգեաց զԷջմիածինն»: Հայաստանում իշխող քաղաքական իրավիճակով պայմանավորված` Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը 931 թ. Դվինից տեղափոխվեց Աղթամար, այնուհետև Անի և կրկին Կիլիկիա, որտեղ 1198 թ. հիմնվեց հայկական թագավորություն: 1441 թ. Վաղարշապատում գումարվեց Ազգային եկեղեցական ժողով և որոշում կայացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնին վերադարձնելու վերաբերյալ:Այսպիսով, երկար թափառումներից հետո, կաթողիկոսական Աթոռը վերահաստատվում է Էջմիածնում: Թովմա Մեծոփեցին, իր աշակերտների գլուխ անցած, ձեռնամուխ է լինում Մայր Տաճարի ու շրջակա վանքերի մաքրությանը: Նորընտիր Կաթողիկոս Կիրակոս Վիրապեցին (1441-1443 թթ.) ընտրվելուց անմիջապես հետո սկսում է Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները: Թե հատկապես ինչ աշխատանքներ է կատարել Վիրապեցին, այդ օրերի պատմիչ Թովմա Մեծոփեցին չի հայտնում: Դրանից կարելի է եզրակացնել, որ այդ աշխատանքները սահմանափակ ծավալով էին: Կիրակոս Ա. Հայրապետից հետո մինչև ԺԷ. դարի սկիզբը, Մայր Տաճարի մասին հիշատակություն չկա: Այդ ընթացքում Տաճարը մեծապես տուժում է անընդհատ կրկնվող թուրք-պարսկական պատերազմների հետևանքով: 1629 թ. կաթողիկոսական գահ է բարձրանում Մովսես Գ. Տաթևացին (1629-1631 թթ.): Նա Մայր Տաճարն իր նախորդներից ժառանգում է ավերակ ու անմխիթար վիճակում: Մինչ Մայր Տաճարի շինությանն անցնելը, Մովսես Կաթողիկոսը, վերակառուցում է Մայր Աթոռի պարիսպները յոթ բուրգերով, իսկ Տաճարի շրջակայքում կառուցում է միաբանական խցեր, սեղանատուն, հացի փուռ, պահեստ և այլն: Վերանորոգվում են Տաճարի խարխլված պատերը, վերաշինվում ծածկը,խարխլված գմբեթն ու սալահատակը: 1635-1637 թթ. Օսմանյան Թուրքիայի սուլթան Մուրադ Դ.-ն արշավանք է կազմակերպում դեպի Պարսկաստան: Սկսված պատերազմի հետևանքով մեծապես տուժում է նաև Մայր Տաճարը: Վերոհիշյալ թուրքական արշավանքի ժամանակ Տաճարի ավերված մասերը վերանորոգում է Փիլիպպոս Ա. Աղբակեցի (1632-1655 թթ.) Կաթողիկոսը. «ի հիմանց մինչեւ ցգագաթ գմբէթին, յորոյ վերայ կառուցին զնշան Տէրունական խաչին՚»: Նորոգվում է նաև Տաճարի տանիքը: Սակայն Փիլիպպոս Կաթողիկոսի ամենակարեևոր ձեռնարկը, կապված Մայր Տաճարի հետ, եղավ զանգակատան կառուցումը: Իր հովվապետական այցելությունների ընթացքում Կաթողիկոսը լինում է Կոստանդնապոլսում, որտեղ հանդիպում է բուրսացի մեծահարուստ Անտոն Չելեպիին, որն ուրախությամբ է ընդունում Կաթողիկոսի առաջարկն առ այն, որ իր միջոցներով Մայր Տաճարին կից զանգակատուն կառուցվի: Հոգ չէ, թե որքան կլիներ այդ ծախսերի արժեքը, կարևորը, ըստ Չելեպիի, որ կառուցվելիք զանգակատունը լիներ լայն և ընդարձակ, հաստահեղույս և բարձրաշեն: Եվ այսպես, 1654 թ. սկսվում է զանգակատան շինարարությունը, որի մասին առանձին մանրամասներ է հայտնում Առաքել Դավրիժեցին. «Յարեւմտից կողմն մեծի տաճարին Աստուծոյ սուրբ Էջմիածնի, ի վերայ արեւմտեան դրան նորին հուպ եւ կից որմոյ նորին, բարձրացաւ շէնքն մինչեւ կապեցան ներքին կամարքն»: Զանգակատան շինարարությունն ավարտվում է Հակոբ Դ. Ջուղայեցի (1655-1680 թթ.) Կաթողիկոսի օրոք: Մայր Տաճարի զանգակատունը հայ ճարտարապետության այն եզակի հուշարձաններից է, որի շինարարության վերաբերյալ հայտնի են գրեթե բոլոր տվյալները: Զանգակատունը կառուցող վարպետ-քանդակագործը եղել է Սահակ Խիզանեցին, որին օգնել են որդին` Մինասը և փեսան` Մուրադը: Որմնանկարների հեղինակը Զաքարե Ոսկերիչն է: Մայր Տաճարի վերանորոգությունների ու նրա հավելումների մի կարևոր շրջան սկսվում է Եղիազար Ա. Այնթապցիի (1681-1691 թթ.) կաթողիկոսական գահին նստելուց հետո: Մայր Տաճարում նրա կատարած աշխատանքների մասին տեղեկություններ են հայտնում Սիմեոն Ա. Երևանցի կաթողիկոսը և Զաքարիա Ագուլեցին: Նա Միածնի Իջման վայրի վրա փոքրիկ գմբեթ է կանգնեցնում` «չորիւք սեամբ խամ (անտաշ, հասարակ) քարիւք, եւ հաստատեաց սեղան, զի Պատարագ մատչիցի»: Մայր Տաճարի հյուսիսային, հարավային և արևելյան խորանների վրա Եղիազար Կաթողիկոսը կառուցել է տալիս համապատասխանաբար երեք զանգակատուն: Թեև Մայր Տաճարի հետ կապված ոչ մի գործ չի հիշատակվում Եղիազար Կաթողիկոսի հաջորդ` Ալեքսանդր Ջուղայեցի Հայրապետի կողմից կատարված, սակայն տեղին է հիշատակել նրա կաթողիկոսության տարիներին Մայր Տաճարին պոլսեցիների նվիրաբերած նշանավոր ասեղնագործ վարագույրը, որի պատկերագրության նյութը Լուսավորչի Տեսիլքում հայտնված Մայր Տաճարի ճարտարապետական արտապատկերումն է: Տաճարի ներսի խնդիրներով ու հարդարանքով է զբաղվել Աստվածատուր Ա. Համադանցի (1725-1725 թթ.) կաթողիկոսը: Նա նախ փոխում է Միածնի Իջման վայրի Ս. Սեղանը, որը պատրաստել է տալիս մարմարից, ապա նույն Ս. Սեղանի կաթողիկեն, գմբեթով ու չորս սյուներով հանդերձ,«ծաղկեցոյց ոսկւով եւ պէս-պէս երանգօք, եւ արար զարմանալի տեսողաց»: Նա Իջման Ս. Սեղանի շուրջ կառուցում է քառակուսի պղնձե վանդակ: Այն ուներ երկփեղկ երկու դռներ, մեկը` հարավային, մյուսը` արևմտյան: Աստվածատուր Կաթողիկոսի Մայր Տաճարում կատարած հաջորդ գործերից են Ավագ խորանի մարմարյա բեմապատի կառուցումը, եկեղեցու սալահատակի և Տաճարի կենտրոնական չորս մեծ սյուների նորոգումը, պատերի ու առաստաղի սպիտակեցումը: Աստվածատուր կաթողիկոսի հրամանով կատարված նկարազարդումների ու որմնանկարների հեղինակը մեծահամբավ որմնանկարիչ Նաղաշ Հովնաթանն է, ով աշխատել է Էջմիածնում 1712-1721 թթ.: Աստվածատուր Համադանցուն հայրապետական գահին հաջորդում է Կարապետ Բ. Ուլնեցի (1726-1729 թթ.) կաթողիկոսը: Վերջինս է, Ավագ խորանի բեմի ճակատի (բեմապատ) մարմարյա հարթության վրա, նկարել է տվել Քրիստոսի տասներկու աշակերտների պատկերները, որոնց մեջտեղում Սբ. Աստվածածինն է: Աշակերտների պատկերները երկու կողմից վերջանում են Ս. Ստեփանոս և Ս. Փիլիպպոս սարկավագների պատկերներով: Մայր Աթոռում շինարարական մեծ գործունեություն է ծավալում Սիմեոն Ա. Երևանցի կաթողիկոսը (1763-1780 թթ.): Մայր Տաճարի հետ կապված նրա ձեռնարկներից է Մայրավանքի շրջակայքում ջրհորների կառուցումը: Բանն այն է, որ ոչ միայն Մայր Տաճարը, այլև Մայր Աթոռի մյուս շինությունները մեծապես տուժում էին ստորերկրյա ջրերից առաջացրած խոնավությունից: Նա ջրհորներ է փորել տվել, որպեսզի ստորգետնյա ուղիներով ջրերը չվնասեն Մայր Տաճարն ու մյուս շինությունները, մյուս կողմից էլ, որպեսզի հավաքված ջրերն օգտագործվեն Մայր Աթոռի կարիքների համար: Նրա օրոք ևս շարունակվում են Մայր Տաճարի նկարազարդման աշխատանքները, որի համար Մայր Աթոռ է հրավիրվում ծաղկանկարի մեծ վարպետ թիֆլիսաբնակ Հովնաթան Հովնաթանյանը: Այս սրբավայրի նորացումն ու վերանորոգումը վերջին տարիներին Հայոց Հայրապետների առաջնահերթ մտահոգությունն են եղել: Մայր Տաճարի վերանորոգման մի կարևոր շրջան էլ կարելի է համարել Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցու (1866-1882 թթ.) հայրապետության շրջանը: Նրա օրոք Տաճարի արևելյան պատին կից ավելանում են թանգարանային երեք սենյակներ: Մկրտիչ Ա. Խրիմյան (1892-1907 թթ.) կաթողիկոսի գահակալության օրոք ևս շարունակվում են Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները: Նա մի շարք կարգադրություններ է կատարում Տաճարի վերանորոգման աշխատանքներն սկսելու համար: Խրիմյան Հայրիկը ծրագրում էր քերել Տաճարի ներսի որմնանկարները եւ հայկական ոճով նկարազարդել ամբողջ Տաճարի ներսը: Այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ կատարվում են և նոր որմնանկարչական աշխատանքների համար Մայր Աթոռ է հրավիրվում նկարիչ Վարդգես Սուրենյանցը: Սակայն ինչ-ինչ պատճառներով Հայրիկի նպատակադրվածությունը կյանքի չի կոչվում, իսկ սկսված աշխատանքներն էլ մնում են անավարտ: Մայր Տաճարի ամբողջական վերանորոգումը եղել է նաև Խորեն Ա. Մուրադբեկյան (1932-1938 թթ.) կաթողիկոսի մտահոգությունը: Նա հանձնարարում է ԱՄՆ մեկնած Մայր Աթոռի միաբան Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանին հանգանակություն կազմակերպել Մայր Տաճարի վերանորոգման համար: Շուտով Սրբազան Հայրը հայտնում է Վեհափառին, որ ամերիկացի մեծահարուստ Ռոկֆելլերը կարծես թե ցանկանում է ֆինանսավորել Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները: Սակայն Խորեն կաթողիկոսը մերժում է Գարեգին Սրբազանի առաջարկը. «Մայր Տաճարը հայ ժողովրդի պատմական նուիրական սրբութիւնն է, նրա Սրբութիւն սրբոցը եւ Լուսոյ խորանը եւ նորա վերանորոգութեան գործը հայ ժողովրդի պարտականութիւնն ու իրաւունքն է»: Շուտով սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ավարտից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսության գահին է բազմում Գևորգ Զ. Չորեքչյան (1945-1954 թթ.) Հայրապետը: Վեհափառի առաջին մտահոգությունը դարձյալ Մայր Տաճարի վերանորոգությունն էր: Նա այդ մասին բարձրաձայնում է 1945 թ. գումարված Ազգային եկեղեցական ժողովում : 1946 թ. Վեհափառը Հայրապետը խորհրդակցության է հրավիրում Հայաստանի նշանավոր մտավորականների, մշակութային գործիչների, արվեստաբանների և ճատարապետների: Քննարկումների արդյունքում որոշվում է ստեղծել հանձնաժողով` Մայր Տաճարի վերանորոգության աշխատանքները վերահսկելու համար: Գևորգ Զ Կաթողիկոսը համայն հայությանը կոչ է անում օժանդակել Մայր Տաճարի վերանորոգչական աշխատանքներին: Հայրապետի այս հորդորն անպատասխան չմնաց: Շուտով դրան արձագանքեց ազգային մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանը, և սկսվեցին եկեղեցու բարեկարգման աշխատանքները: Այս ջանքերը նոր եռանդ ստացան երջանկահիշատակ Վազգեն Ա. Կաթողիկոսի օրոք` ազգային բարերար Ալեք Մանուկյանի նվիրատվություններով: 1955-1956 թթ. Մայր Տաճարի վերանորոգության առումով հսկայական աշխատանքներ են կատարվում. մարմարապատվում է Տաճարի հատակը, վերակառուցվում է Ավագ խորանը, սալահատակվում և բարեկարգվում է Տաճարի շրջակայքը: Այդ աշխատանքների ընթացքում հիմնովին վերանորոգվում են Մայր Տաճարի պատերը, սյուները, կամարները, թաղերը, գետնախարիսխները, փոխվում են ծածկերը: Վերջապես վերանորոգվում է քարե տանիքը և ապահովվում է Տաճարի անվտանգությունն անձրևաջրերից: Պատերը խոնավությունից պահպանելու համար համապատասխան աշխատանքներ են կատարվում և փակվում են ստորգետնյա ջրերի հոսքը դեպի Մայր Տաճար: Պրոֆեսոր Լիդիա Դուռնովոյի ղեկավարությամբ 25 հայ նկարիչներից բաղկացած մասնագետների խումբը դեռևս 1954 թ. սկսել էր որմնանկարների վերականգնողական աշխատանքները, որոնք ավարտվում են 1955 թ.: Վազգեն Վեհափառի հրամանով 1981-1982 թթ. կրկին կատարվում են Մայր Տաճարի որմնանկարների վերականգնողական աշխատանքներ, որոնց ղեկավարը վերականգնիչ-գեղանկարիչ Վարդգես Բաղդասարյանն էր: 1985 թ. ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի ղեկավարությամբ վերանորոգվում և նորովի ձևավորվում ու հարդարվում է Մայր Տաճարի թանգարանային մասնաշենքը: Այստեղ տեղադրվում են Հունգարիայում պատրաստված նոր ցուցապահարաններ: Վեց ամիս տևած աշխատանքներից հետո նույն թվականի հուլիսի 31-ին տեղի է ունենում ցուցասրահի բացումը: Այս ձեռնարկի հովանավորը վենեսուելահայ բարերար Վարդգես Երիցյանն էր: Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Հայրապետի հրամանով իրականացվեցին Մայր Տաճարի հիմնարար վերանորոգման աշխատանքներ: Նախ վերանորոգվեցին Տաճարի տանիքը, որմնանկարներն ու սրբանկարները, ինչպես նաև հարդարվեց ողջ Տաճարի ներսը ու վերականգնվեց Մայր Տաճարի շրջակայքի սալահատակը: Մասնագետները մեծ ուշադրություն են դարձրել հատկապես Տաճարի որմնանկարների վրա, որոնց մաքրման աշխատանքների ղեկավար նշանակվեց Մայր Աթոռի թանգարանների փոխտնօրեն, գեղանկարիչ-վերականգնող Անդրանիկ Անտոնյանը: Ավելի քան 20 տարվա մոմավառությունից մրոտվել էին Մայր Տաճարի որմնանկարները, առաստաղի եւ պատերի խոնավությունը քայքայել էր ծեփի ու հիմնաներկի կապակցող շերտը: Արտասահմանյան բարձրորակ ջրադիմացկուն լվացվող հատուկ սոսինձների միջոցով որմնանկարների քայքայված հատվածներն ամրացվեցին եւ վերականգնվեցին: Այս վերջին վերանորոգության ժամանակ ի մի բերվեցին, ընդհանրացվեցին ու գեղանկարչորեն համալրվեցին որմնանկարները` պահպանելով Հովնաթանյանների հեղինակային մոտեցումը և մնալով ոճի մեջ հարազատ: Որոշ մասերում էլ կատարվեց ծաղկազարդերի թարմացում` յուղաներկերով և տեմպերայով : Բացի որմնանկարներից վերջին տասը տարիների ընթացքում վերանորոգվեցին նաև Տաճարի աղոթասրահի մարմարյա հատակը, պատերի ստորին շարքերն ու որմնախարիսխները: 1700-ամյակի տոնակատարությունների օրերին Մայր Տաճարն այցելուներին ու ուխտավորներին ներկայացավ մի նոր փայլով ու շուքով: Կատարված այս վերանորոգչական աշխատանքների արձանագրությունը զետեղված է Մայր Տաճարի արևմտյան աբսիդի ներսում` ճիշտ կենտրոնական դռան վերևում. «Քրիստոսաւանդ սէր եւ Հայրապետական օրհնութիւն Մեր առ լուսահոգի Տէր եւ Տիկին Ալեք եւ Մարի Մանուկեանց, առ զաւակունս նոցին Ռիչարդ եւ Լուիզ, թոռունս եւ հետնորդս, որք ի յաւերժացումն յիշատակի գերդաստանին Մանուկեան հաստատմամբ իւրեանց հիմնադրամին փոյթ յանձին կալան զնորոգումն Միածնաէջ Տաճարիս` սկսեալ յամէն Հայոց ՌՆԾ եւ ի Փրկչական թուին 2001. Ի յաւէտ ժամանակս: Տնօրինութեամբ Մերով ամ յամէ յաւուր մահուանն Մեծի Բարերարին Ալեքի Մանուկեան ի Սուրբ Աթոռս մատուսցի Ս. Պատարագ եւ կատարեսցի Հոգեհանգիստ հանդիսաւոր առաջի Միածնաէջ Սրբոյ Սեղանոյս վասն հոգւոց հանգուցելոց գերդաստանին Մանուկեան: Աջն Աստուծոյ հովանի եւ պահապան լիցի ի վերայ Մանուկեան գերդաստանին. Ամէն: Գարեգին Բ. Կաթողիկոս Ամենայն Հայոց Ս. Էջմիածին, 2001 թ.»: Պետք է ասել, որ Մայր Տաճարը գտնվում է Վեհափառ Հայրապետի ամենօրյա հոգածության ներքո: Այսպես, նրա կարգադրությամբ 2008 թ. վերականորոգվեց Տաճարի թանգարանային մասնաշենքի նախամուտքը, թարմացվեցին թանգարանային մասնաշենքի ծաղկանկարները և փոխվեցին Մայր Տաճարի բոլոր 46 պատուհանները: Պարբերաբար սպիտակեցվում են մոմավառությունից մրոտվող պատերը: Մայր Տաճարի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքների մեջ կարևորագույն տեղ է զբաղեցնում ժամանակակից հեռուստաակուստիկ համակարգի շինարարությունը: Սուրբ Էջմիածնի պատմության մեջ գրվեց նոր էջ: Ճարտարապետությունը Չնայած Մայր Տաճարը դարերի ընթացքում բազմիցս ավերվել և վերակառուցվել է, սակայն Տաճարի ներկայիս տեսքը համապատասխանում է Լուսավորչի տեսիլքում լույսով ուրվագծված կառույցին.«Եւ ի չորեցունց սեանցն ի վերայ խաչիցն կամարք զարմանատեսք ի միմեանս կապեցան. եւ ի վերայ այնորիկ տեսի գմբեթաձեւ խորանարդ ամպեղեն շինուած աստուածակերպ զարմանլի.....» 1950-ականների պեղումներն ապացուցեցին, որ ամենաուշը Ե. դարից սկսած Մայր Տաճարն ունեցել է բազիլիկատիպ խաչաձև գմբեթավոր կառուցվածք: Պեղումների ժամանակ բացվեցին ներկայիս մույթերի տակ Դ. դարի կառույցին պատկանող գմբեթակիր մույթերի խաչաձեւ խարիսխները, սալահատակի մնացորդները, իսկ Ավագ խորանի տակ հայտնաբերվեց նախնական խորանը` կենտրոնում թոնրաձև զոհարանով, ինչպես նաև ուրարտական բազալտե խոշոր կոթող: Սա նշանակում էր, որ Մայր Տաճարի տեղում Ք. Ա. առաջին հազարամյակի սկզբում արդեն սրբավայր է եղել: Ըստ 5-րդ դարի հայ պատմիչների վկայության` առաջին քրիստոնյա եկեղեցիները հիմնադրվել են հեթանոսական մեհյանների տեղում: Նմանապես, Մայր Տաճարը հիմնադրվել է հեթանոսական Արտեմիս աստվածուհուն նվիրված մեհյանի տեղում, որը, համաձայն Ս. Լուսավորչի տեսիլքի, ոսկե մուրճով հարվածելով մատնացույց է արել երկիր իջած Աստծու Միածին Որդին: 1958 թ. հնագիտական պեղումների ժամանակ Մայր Տաճարի Ավագ Խորանի տակ 1-1.5 մետր խորության վրա հայտնաբերվեց 5-րդ դարում Վահան Մամիկոնյանի կողմից կառուցված սրբատեղին, բացվեցին սյունապատ հիմքերը, բեմը և խորանի հիմնաքարը: Հին խորանը նույնպես երկշերտ է: Կառույցի ներսում պահպանվել են առավել հին խորանի որմեր, որոնք պատկանում էին 5-րդ դարից առավել վաղ շրջանի: Ամենայն հավանականությամբ այդ խորանը կառուցել է Գրիգոր Լուսավորիչը: Պեղումների ժամանակ 5-րդ դարի շինության ներսում հայտնաբերվեց նաև թրծած կավից պատրաստված հնոցատիպ կրակարան, որի մեջ դեռ մնացել էին ածխի մնացորդներ: Հատկանշական է, որ հայտնաբերված հնագույն ավագ խորանի հիմնաքարն անմիջապես կրակարանի վրա է եղել, ինչը խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակը հեթանոսության հանդեպ: Երկշերտանի շինության նման, հին կրոնը մնաց հիմնաքարի` ուրարտական շրջանի բազալտե կոթողի տակ, որը հայտնաբերվել էր հեթանոսական մեհյանի կրակարանի տակ` ստորին բեմում, հորիզոնական դիրքով: Այն ուրարտական շրջանի նմանատիպ կոթողներից ամենամեծն է: Մեծ Խորանից տեղափոխված կոթողն այժմ տեղադրված է Մայր Տաճարի հյուսիսային մասում որպես հուշաքար, որը վկայում է այն մասին, որ տաճարի կառուցումից ավելի քան հազար տարի առաջ այս վայրը եղել է հնագույն հոգևոր կենտրոն: Ժամանակի ընթացքում, տարբեր բարենորոգումների արդյունքում, ավագ խորանը բարձրացել է, սակայն այն պահպանել է իր նախնական բազմաշերտ կառուցվածքը: Մայր Տաճարը, նույնպես, իր հիմքում երկշերտ է: 1950-ականների պեղումների ժամանակ ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանը բացահայտեց հին սյուների հիմքեր, որոնք պահպանվել էին այն չորս հիմնական հիմքերի պատվանդաններին, որոնց վրա հենված էր գմբեթը: Ակնհայտ դարձավ, որ ինչպես Լուսավորչի խորանն էր գտնվում Վահան Մամիկոնյանի կառուցած խորանի ներսում, այնպես էլ չորս հիմնասյուները, այսինքն Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից կառուցված առավել հին շինության սյուների հիմքերը տեղադրված էին հին պատվանդանների վրա: Դա նպատակայնորեն է արվել, որպեսզի 5-րդ դարում վերակառուցված սրբատեղին կանգնեցվի Ս. Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծի կողմից դրված հիմքերի և սյուների վրա, որպեսզի նոր կառույցը չընդհատի հոգևոր ժառանգության ոսկե շղթան այն սուրբ Տաճարի, ուր իջել է Միածինը: Ճիշտ նույն պատճառով էլ 1958 թվականի պեղումներից հետո տաճարը չամրացվեց, փոխարենը բացված հին աբսիդը առնվեց հատակի տակ:Այսօրվա Ավագ Խորանի տակ գտնվող հին խորանը պահպանվեց, իսկ նոր խորանի հետևում կառուցվեց սանդուղք, որը տանում է դեպի ընդհատակ: Ողջ քրիստոնյա աշխարհում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի խաչաձև, քառախորան, քառասյուն և կենտրոնագմբեթ հորինվածքը ամենահին ավանդն է քրիստոնեական եկեղեցական ճարտարապետության մեջ: Տաճարի յուրահատուկ ոճն ու կառուցվածքը տարածված էին Բյուզանդիայում և ողջ Եվրոպայում: Տասնյոթերորդ դարում հայկական ճարտարապետությունը կատարելագործվեց. գոյություն ունեցող եկեղեցիներին ավելացվեցին զանգակատներ: 1654 թվականին Փիլիպպոս Ա. Աղբակեցի կաթողիկոսը, պոլսահայ Անտոն Չելեբիի հովանավորությամբ, ձեռնարկեց Մայր Տաճարի զանգակատան կառուցումը, իսկ 1658 թ. հաջորդ` Հակոբ Դ. Ջուղայեցի կաթողիկոսն ավարտեց շինությունն ու օծեց զանգակատունը: Եռահարկ զանգակատան ընդհանուր բարձրությւոնը 27 մետր է: Առաջին հարկի վերին հատվածն ավարտվում է զարդաքանդակով: Երկրորդ հարկում է գտնվում Հրեշտակապետերին նվիրված Ս. Խորանը, իսկ երրորդ հարկը հենց զանգակատունն է` կանգնեցված շրջանաձև ութնասյան վրա: Մյուս երկու հարկից յուրաքանչյուրը հենված է քառասյան վրա: Տաճարի գմբեթները 1682 թ. Եղիազար Ա. Այնթապեցի կաթողիկոսը հյուսիսային և հարավային աբսիդների, ինչպես նաև ավագ խորանի վրա կառուցեց փոքր զանգակատան նման գնբեթներ: Այսպիսով` Մայր Տաճարի գմբեթները, զանգակատան հետ միասին, դարձան հինգը` յուրաքանչյուր խորանի վրա մեկական գմբեթ: Որպես կենտրոնագմբեթ եկեղեցի` շինության գլխավոր գմբեթը գտնվում է կենտրոնում, իսկ մնացած չորսը խաչաձև տեղակայված են գլխավոր գմբեթի շուրջը: Գլխավոր գմբեթը Տաճարի հիմքի և Ավագ Խորանի նման բազմաշերտ է: 10-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին գրում է, որ 618 թվականին Կոմիտաս կաթողիկոսը, Վաղարշապատ քաղաքի տաճարի փայտյա գմբեթը քանդելով, կառուցում է գեղեցիկ ու հիասքանչ քարատաշ մի գմբեթ: Սակայն, ինչպես մասնագետներն են հավաստում ելնելով պեղումների արդյունքներից, Կոմիտաս կաթողիկոսից առաջ կառուցված փայտյա գմբեթը պետք է փոխարինած լիներ ավելի վաղ շրջանում կառուցված և ավերված քարե գմբեթով: Հաջորդ տարիներին Կոմիտաս կաթողիկոսի կողմից կառուցված գմբեթը նույնպես ավերվել է: Դավրիժեցին գրում է, որ 1629 թվականին Մովսես կաթողիկոսը, գահ բարձրանալով, սկսել է Էջմիածնի վերակառուցման աշխատանքները, որոնց ժամանակ «...վերանորոգվել է գմբեթի տանիքը, քանի որ քարերն ավերակների մեջ էին և քանդվել էին»: Գլխավոր գմբեթը դրսից զարդարված է սյուներով և ունի տասներկու ճակատ ու տասներկու պատուհան: Տասներկու ճակատներին պատկերված են 12 առաքյալների օվալաձև խորաքանդակները: Նրանց դեմքերը այնքան տպավորիչ և արտահայտիչ են պատկերված, որ կարծես կրում են նրանցից յուրաքանչյուրին հատուկ գծեր: Մուտքերը Տաճարն ունի երեք մուտք: Հիմնականը զանգակատան մուտքն է, մյուս երկուսը գտնվում են Տաճարի հյուսիսային և հարավային կողմերում: Չորրորդ՝ պատմական մուտքը, գտնվել է Տաճարի արևելյան անկյունում, ուր այժմ պատ է: Հին ժամանակներում այս դռան գոյության միակ ապացույցը դռան վերևում գտնվող կամարն է: Ըստ ավանդության Տրդատն ու իր ընտանիքը տաճար էին մտնում այս դռնից: Կաթողիկոսական գահ Չկազմելով մշտական կառույցի մաս` կաթողիկոսական գահերը Տաճարի ներսի հարդարանքի գլխավոր մասն են կազմում: Կաթողիկոսական գահերը Մայր Տաճարում երկուսն են: Առաջինը գտնվում է բեմի դիմաց` խորանում` հյուսիս-արևելյան սյան մոտ: Այս գահը պատրաստվել և Ս. Էջմիածնին են ընծայել 1721թ.` իզմիրահայերը: Այն ծածկված է լայն գմբեթով` պատված մարգարիտներով ու ոսկով: Երկրորդ գահը տեղադրված է հյուսիս-արևմտյան սյան մոտ: Հռոմի Ինոկենտիոս 13-րդ պապը այն 1696 թ. նվիրել է Նահապետ Ա. Եդեսացի Կաթողիկոսին: Միաբանական գերեզմանոց Չնայած Ս. Էջմիածնի միաբանության գերեզմանոցը գտնվում է վանքի հարավ-արևելյան մասում` 19-րդ դարից սկսած նոր ավանդույթ դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսներին Տաճարի գլխավոր մուտքի մոտ հուղարկավորելը:
40.1619
44.2913