Էջմիածնի Սուրբ Գայանե վանք

2023-02-10 16:02:53 126 դիտում

Ս. Գայանե եկեղեցին գտնվում է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի հարավային ծայրամասում` Մայր տաճարից հարավ-արևելք: Համաձայն աղբյուրներին այն կառուցվել է 630 թ. Եզր Նիգեցի կաթողիկոսի կողմից` վկայարան-մատուռի տեղում: Ըստ Ագաթանգեղոսի` այդ մատուռը կառուցվել էր դեռևս IV դարի սկզբին Հռիփսիմյան կույս Գայանեի գերեզմանի վրա: Եկեղեցին համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության առաջին շրջանի լավագույն օրինակներից (2000 թվականից ընդգրկված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում): Իր ճարտարապետական լուծումներով պատկանում է գմբեթավոր-բազիլիկ տիպի եկեղեցիներին, որի հորինվածքը մշակվել է V-VII դարերում (այս տիպին են պատկանում նաև Տեկորի, Բագավանի, Մրենի և Օձունի տաճարները): Ուղղանկյուն, արևելք-արևմուտք ձգված հատակագծի արևելյան կողմում տեղավորված են ավագ խորանն ու երկու քառակուսի ավանդատները: Հարավարևելյան ավանդատան մեջ է դեպի ավագ խորանի տակ տեղավորված Գայանե կույսի տապանատուն տանող մուտքը: Աղոթասրահի ներքին տարածությունը չորս մույթերով բաժանված է երեք նավերի, իսկ մույթերի առաջացրած քառակուսու վրա բարձրանում է գմբեթը: Ներքին տարածությունը խաչաձև է, որն արտաքին ծավալներում դրսևորվում է երկայնական և լայնական երկթեք կտուրների հատումով, առաջացած քառակուսու վրա բարձրանում է ութանիստ թմբուկը` գմբեթի վեղարով պսակված: Եկեղեցին ունի երեք մուտք (հարավային, արևմտյան, հյուսիսային), որոնցից յուրաքանչյուրով ներս մտնելիս բացվում է ճարտարապետական մի շքեղ տեսարան` ներդաշնակ ու խոսուն շինարվեստի տարրերով (թաղեր, կամարներ, պատեր, տրոմպների համակարգ և այլն): Եկեղեցու արտաքին տեսքը բավականին պարզ է. դռները երեսակալված են, լուսամուտների կամարները՝ զարդանախշված: Դարերի ընթացքում զգալիորեն ավերված տաճարում առաջին անգամ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Փիլիպոս կաթողիկոսի օրոք` 1652թ., երբ վերականգնվել են քանդված պատերը, գմբեթի թմբուկն ու վեղարը: Իսկ տասնամյակներ անց, Եղիազար Ա Այնթափցի կաթողիկոսի աթոռակալման օրոք (1682-1691 թթ.), արևմտյան կամ գլխավոր մուտքի կողմից կցակառուցվել է եռակամար սրահ-գավիթ, որտեղ թաղված են բարձրաստիճան հոգևորականներ (ամենայն հայոց կաթողիկոսներ` Եղիազար Ա Այնթափցի, Աբրահամ Բ Մշեցի, Սիմեոն Ա Երևանցի, Հովսեփ Արղության): Եկեղեցու շուրջը գտնվող գերեզմանոցներում թաղված են Խենթը, Մախլուտոն, Խաչատուր Աբովյանի որդի Վարդանը և մի շարք նշանավոր հոգևորականներ: Դեպի եկեղեցի տանող կամարային դարպասը և նրա երկու կողմերում գտնվող սենյակները կառուցվել են 1880-ական թթ.: Եկեղեցում հիմնավերանորոգման աշխատանքներ իրականացվել են 1960-70-ական թվականներին (սալարկվել է հատակը, քայքայված քարերը փոխարինվել են նորերով, պատերն ու գմբեթները մաքրվել են ծեփից, նորոգվել է արևմտյան սրահի ծածկը և այլն): Եկեղեցու ներսում և նրա շրջակայքի գերեզմանոցներում կան X-XVII դարերի երկու տասնյակի հասնող խաչքարեր: Եկեղեցուց 80 մ արևմուտք գտնվող գերեզմանոցում տեղադրված է երկու հուշաղբյուր, որոնցից մեկը նվիրված է Աննիկ Դերձակյանին (1960-ական թթ., հեղ.` Ռ. Իսրայելյան), իսկ մյուսը` Մեծ եղեռնի տարիներին նահատակված կարնոհայությանը (1981թ., հեղ.` Ա. Գալիկյան): Եկեղեցու տարածքում պահպանվել են VII դարում կառուցված և 1845 թ. վերանորոգված ջրհորը, ինչպես նաև Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք՝ 1764 թ. փորված նկուղ-սառցատունը:

40.1575

44.2919