Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանը հիմնադրվել է 1921թ. մայիսի 1-ին։ Հայ գրականության դասական, այն ժամանակ Վաղարշապատի գավառային ժողովրդական լուսավորության բաժնի վարիչ, բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը, Վաղարշապատի բնակչուհի, Մոսկվայում կրթություն ստացած Գայանե Սեթի Հարությունյանին (հետագայում բազմավաստակ ուսուցչուհի, Խ. Աբովյանի անվան մեդալակիր, ոչ անհայտ հայագետ Սեթ Հարությունյանի դստերը), իր հ. 129 գրությամբ նշանակում է Էջմիածնի նորաստեղծ գրադարան-ընթերցարանի վարիչ` հանձնարարելով «...հայտարարել ի գիտություն հասարակությանը, որ բոլոր ընթերցողները կարող են ձրիաբար օգտվել» (գրադարանից): Գրադարանը, որի գրքային ֆոնդը կազմում էր 2405 կտոր (հայերեն և ռուսերեն), գործել սկսել է հուլիսի 3-ից: 1923թ. փետրվարի 25-ին, «Խորհրդային Հայաստան» թերթը վկայում է, որ Էջմիածնում (ներառյալ նաև գավառը) արդեն գործում է 17 գրադարան: Այդ այն դեպքում, երբ Երևանում գործում էին 14, Ալեքսանդրապոլում` 10, Զանգեզուրում`6, Նոր Բայազետում`2, Լոռիում`8, Ղարաքիլիսայում` 3, Դիլիջանում`7, Մեղրիում` 1 գրադարան: Հայաստանում ընդամենը գործում էր 70 գրադարան: Էջմիածնի մանկական գրադարանը (այժմ`մանկական բաժին) հիմնադրվել է 1951թ. հունիսի 1-ին: Էջմիածնի գավառում Կենտրոնական գրադարանը որոշակի ավանդ ներդրեց մշակութային հեղափոխության ամրապնդման գործում: Դա առաջին գրադարանն է հայ ժողովրդի մշակութային կյանքում իր ծանրակշիռ ավանդը ներմուծած հնամյա քաղաքում: Գրադարանը ձգտում էր գիրքը ծառայեցնել հասարակության դաստիարակության գործին` համակողմանիորեն նպաստելով քաղաքի առջև դրված սոցիալ-տնտեսական խնդիրների իրականացմանը: Կենտրոնական գրադարանը քննարկում ու վերլուծում էր գրադարան-մասնաճյուղերի գործունեության արդյունքները, ուղղություն տալիս նրանց` օգնելով, որ էլ ավելի արդյունավետ ու նպատակասլաց դառնան ընթերցողների հետ տարվող աշխատանքները, որ գրադարանի ու գրքի հետ կապվի յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ընտանիք: Արդի գրականագիտության լույսի ներքո քննարկումների արդյունքները ուսումնասիրվում էին, մշակվում, այնուհետև մասսայականացվում գրադարանում: Այդ քննարկումների հիման վրա կենտրոնական գրադարանի բաժինները լուրջ աշխատանք էին տանում գրականության հանձնարարական ցանկերի, մեթոդա-հրահանգչական նյութերի կազմման, գրադարանների գործունեությունը ղեկավարելու ուղղությամբ: Գրեթե միշտ մարդաշատ էր սպասարկման բաժնի ընթերցասրահը: Նրա ֆոնդերը, որ հիմնականում կազմված էին միօրինակ գրքերից և ունեին գիտության, տեխնիկայի, բժշկության, գեղարվեստական գրականության և մյուս ճյուղերին վերաբերող հարուստ գրականություն, դեպի իրենց էին ձգտում գիտաշխատողներին, ուսանող երիտասարդությանը, դպրոցների բարձր դասարանների աշակերտներին: Ընթերցողների սպասարկմանը մեծապես նպաստում էին գրացուցակները և քարտարանները: Գրադարանային աշխատողները իրենց պարտքն էին համարում նպաստել ընթերցողների գրադարանային-մատենագիտական գիտելիքների հարստացմանը: 1794թ. վերակառուցվում է գրադարանային ցանցը` էապես փոխելով գրադարանների գործունեության բովանդակությունը: Այդ գործին նպաստում է գրադարանների կենտրոնացված համակարգի ստեղծումը 1978թ., որը կենտրոնական գրադարանին տալիս է ոչ միայն ադմինաիստրատիվ, այլև մեթոդական իրավունքներ: Նոր խնդիրների լույսի տակ ընթերցողների համար այն դառնում է գիտական ինֆորմացիայի շտեմարան, աշխատավորների շրջանում գաղափարական-քաղաքական աշխատանքի կարևոր բնագավառ: Կադրերի ընտրության և դաստիարակության գծով որոշակի դեր է խաղում ակումբագրադարանային տեխնիկումի` Էջմիածին քաղաքում գտնվելը: Կենտրոնական գրադարանի նյութատեխնիկական բազան, գրադարանային գործի բոլոր հնարավորությունները ի սպաս են դրվում շրջանի առջև դրված սոցիալ-տնտեսական խնդիրների անշեղ կատարման գործին: Շրջանի մարդիկ, ամենատարբեր բնագավառների մասնագետները իրենց ներաշխարհի վրա կրում են նաև գրադարանավարների դաստիարակությունը և հոգևոր ազդեցությունը: Գրադարանում ակտիվ աշխատանք են կատարել Անիկ Հայրապետյանը (30-ական թվականներ), Մայրանուշ Մելքոնյանը (պատերազմական և ետպատերազմական տարիներ), Բուրաստան Հովհաննիսյանը: Կենտրոնական գրադարանում անցկացվել են գեղարվեստական գրականության ժողովրդական համալսարանի պարապմունքները (ռեկտոր` Հ. Դանեղյան), ուր ընդգրկված են եղել շուրջ 150 ունկնդիր: Գեղարվեստական գրականության ժողովրդական համալսարանի պարապմունքների շրջանակներում ունկնդիրների և ընթերցողների առջև ելույթներ են ունեցել Հ. Սահյանը, Ս. Խանզադյանը, Ս. Կապուտիկյանը, Հ. Խաչատրյանը, Հովհ. Ղուկասյանը, Վ. Դավթյանը, Հր. Հովհաննիսյանը, Գ. Դևրիկյանը, Ս. Մուրադյանը, Մն. Թարյանը, Վ. Տալյանը և ուրիշներ: Հայ գրականության, արվեստի, գիտության երախտավորների հետ ընթերցողների հանդիպումների վավերագրերում, արդեն խունացած հրավիրատոմսերում, լուսանկարներում, մամուլի արձագանքներում, ինչպես նաև ընթերցողների և գրադարանային աշխատողների հիշողություններում որպես նրանց կյանքի երանելի ակնթարթների պահպանվել են Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Ե. Չարենցի, Ն. Զարյանի, Գ. Սարյանի, Հ. Շիրազի, Սևակի, Ա. Խաչատրյանի, Մ.Սարյանի և ուրիշների հետ ընթերցողների հանդիպումների լուսեղեն հուշերը: Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանն այսօր ունի կես միլիոնից ավելի գրականություն, գործում է իբրև ՀՈԱԿ և փորձում է պահպանել ու շարունակել իր նախկին ավանդույթները: Գրադարանի տնօրենն է Հասմիկ Մելքոնյանը: «Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի ներքո գործում են 6 տեղամաս՝ • Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ի 1-ին տեղամաս • Վաչագան Հովհաննիսյանի անվան գրադարան 2-րդ տեղամաս • Վահան Թոթովենցի անվան գրադարան 3-րդ տեղամաս • Արարատ Այվազյանի անվան գրադարան 5-րդ տեղամաս • Մնացական Թարյանի անվան գրադարան 6-րդ տեղամաս
40.1634
44.2930