Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

2023-01-21 09:07:32 110 դիտում

Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (ավազանի անունով՝ Սամվել) ծնվել է 1973թ. օգոստոսի 5-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: 1980-1990թթ. ուսանել է տեղի միջնակարգ դպրոցում: 1990թ.-ին ընդունվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հոգևոր Ճեմարան: 1996թ. մայիսի 19-ին ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Տ. Անանիա եպս. Արաբաջյանի: 1996թ. ավարտել է Ս. Էջմիածնի Հոգևոր Ճեմարանը: 1997թ. պաշտպանել է ավարտաճառ «Հնդկահայ գաղութը և Մայր Աթոռի նվիրակությունը Հնդկաստանում» թեմայով՝ արժանանալով գերազանց գնահատականի: 1996-97թթ. աշխատել է Վեհարանում որպես քարտուղար: 1997թ. դեկտեմբերի 14-ին, ձեռամբ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Զավեն արքեպիսկոպոս Չինչինյանի, ձեռադրվել է կուսակրոն քահանա: 1988թ. նշանակվել է Մայր Աթոռի պարետ: 1999թ. մարտին Կաթողիկոսական ընդհանուր և փոխանորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի կողմից ծառայության է կոչվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի խմբագրությունում՝ որպես գլխավոր խմբագրի պաշտոնակատար: 2000թ. հունվարին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է նորաստոեղծ «Մայր Աթոռ-Թեմեր» գրասենյակի վարիչ-տնօրեն: 2001թ. մինչ օրս իրականացնում է Մայր Աթոռ Ս.Էջմիածնի դիվանապետի պարտականությունը: 2001թ. պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Նվիրակությունը Հայոց Եկեղեցում» թեմայով: Նույն թվականի փետրվարի 22-ին, ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի (այժմ՝ արքեպիսկոպոս) ստացել է մասնավոր վարդապետական 4 աստիճաններ: 2004թ. ապրիլից Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նաև Մայր Աթոռի ներկայացուցիչն է ՀՀ Ազգային ժողովում: 2004թ. օգոստոսին պաշտպանության է ներկայացրել «Եպիսկոպոսական իշխանությունը Հայոց Եկեղեցում» ծայրագույն վարդապետական թեզը: 2004թ. սեպտեմբերի 26-ին, ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել է եպիսկոպոս: 2003-07թթ. ուսանել և ավարտել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ: 2004թ. Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է: Հեղինակ է մի շարք հոդվածների և 2 գրքի՝ «Նվիրակությունը Հայոց Եկեղեցում», «Ս.Էջմիածինը և Ս. Գրիգոր Լուսավորիչը հայ մատենագրության մեջ»: 2009թ. արժանացել է « Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման: