Նորիկ Ենոքի Գրիգորյանը ծնվել է 1946թ. մայիսի 22-ին Նախիջևանի ԻԽՍՀ Ջուղա գյուղում: 1960-ից մինչ օրս ապրում է Էջմիածնում: 1965-ին արծաթե մեդալով ավարտել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը, 1970-ին՝ Երևանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Ծառայել է խորհրդային բանակում: 1973-ից մինչ օրս աշխատում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ-ԵրՖԻ) պինդ մարմնի Ճառագայթային ֆիզիկայի բաժնում ավագ գիտաշխատող: 1982-ին ավարտել է Կիևի միջուկային հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան և նույն թվականին էլ պաշտպանել կիսահազորդչային միացությունների ճառագայթային հատկությունների վերաբերյալ թեկնածուական ատենախոսությունը: 1982-ից ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է: 1991-ին ԽՍՀՄ բարձրագույն որակավորման հանձնաժողովը նրան շնորհել է ավագ գիտաշխատողի կոչում: Նա գիտական զեկուցումներով բազմիցս հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում: Խորհրդային տարիներին ԵրՖԻ-Կիևի միջուկային հետազոտությունների ինստիտուտ Թբիլիսիի Պետական Համալսարան համագործակցության շրջանակներում մասնակցել է մի շանք համատեղ գիտափորձերի իրականացմանը: 1991 և 1993-ին գործուղվել և աշխատել է Գերմանիայի Համբուրգ քաղաքի Եվրոպական DESY գիտական կենտրոնի սինքրոտրոնային ճառագայթման լաբորատորիայում: Ն. Գրիգորյանը ԽՍՀՄ-ում գրանցված գյուտի (հեղինակային վկայական № 1128634, 8 օգոստոսի 1984թ), Երևանի Պետական Բժշկական Համալսարանում 1989-ին նորարարական առաջարկության և 87 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է, որոնք տպագրված են միջազգային հեղինակավոր ամսագրերում, իսկ նրանցից մեկը - Հայաստանի ցեոլիտ ապարի ատոմային էներգետիկայում կիրառության մասին հոդվածը, գիտական ամենաբարձր վարկանիշ ունեցող “Nature” ամերիկյան ամսագրում: Գիտական գործնեությանը զուգահեռ 1991-ից Ֆիզիկա առարկա է դասավանդել Էջմիածնի Ներսիսյան Վարժարանում, 2010-ից նաև թիվ 5 ավագ դպրոցում: 2006 և 2016-ին պարգևատրվել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի պատվոգրերով: 2011 և 2012-ին Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի շնորհակալագրերով: 2016-ին նրան շնորհվել է Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի «Բնագիտական մասնախմբի պատվավոր անդամի» կոչում: